Russian Version
English Version

Աշխարհագրական նշուներ

Գրանցման և օգտագործման իրավունք ստանալու ընթացակարգ

Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն իրականացվում է մեկ կամ մի քանի անձանց դիմումի հիման վրա, որոնք տվյալ աշխարհագրական տեղանքում արտադրում են տվյալ ապրանքը եւ գրանցման հիման վրա ստանում են տվյալ տեղանվան օգտագործման իրավունք, եթե նրանց կողմից արտադրվող ապրանքը համապատասխանում է տեղանվամբ նշվող ապրանքին ներկայացվող պահանջներին։ Տեղանունը կարող է գրանցվել նաեւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կամ տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող այլ իրավասու մարմինների դիմումի հիման վրա։

Ի տարբերություն ապրանքային նշանների, սահմանված կարգով գրանցված տեղանվան օգտագործման իրավունքը կարող է տրվել նույն աշխարհագրական տեղանքում նույն հատկանիշներով ապրանք արտադրող ցանկացած անձի։ Այսինքն՝ տեղանվան սեփականատեր որպես այդպիսին գոյություն չունի, հետեւապես տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքների մասին խոսք լինել չի կարող։

Տեղանվան գրանցումը գործում է անժամկետ, սակայն այն դադարեցվում է այն դեպքում, երբ վերանում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմանները։

Որպես ապրանքի ծագման տեղանուն իրավական պահպանության ենթակա չէ այն անվանումը, որը լինելով ապրանքի իրական ծագման աշխարհագրական օբյեկտի անվանում, սպառողին տալիս է կեղծ պատկերացում այն մասին, իբր ապրանքը ծագել է մեկ այլ նույնանուն աշխարհագրական օբյեկտից։

Գինիների անհատականացման նույնանուն աշխարհագրական նշումների դեպքում դրանցից յուրաքանչյուրին տրվում է իրավական պաhպանություն, եթե դրանք պարունակում են համապատասխան տարբերակիչ լրացումներ՝ պայմանով, որ կպահպանվեն նախորդ պարբերության դրույթները եւ արտադրողների արդարացի շահերը։

Տեղանվան գրանցման հայտ ներկայացնելուն, դրա քննարկմանը, տեղանվան փորձաքննության անցկացմանը, ինչպես նաեւ տեղանվան գրանցմանը, այդ մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակմանը եւ օգտագործման վկայագիր տալուն վերաբերող դրույթներն ընթացակարգային առումով հիմնականում կրկնում են ապրանքային նշաններին վերաբերող դրույթները, որոնք արդեն բավականին հանգամանալից քննարկվել են։

Սակայն տեղանվան գրանցումը մերժելուն, դրա օգտագործման իրավունքների ձեռքբերման, օգտագործման իրավունքի վկայագիրն անվավավեր ճանաչման, տեղանվան իրավունքի դադարման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթները որոշակի առումով տարբերվում են ապրանքային նշաններին վերաբերող դրույթներից։