Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Ապրանքային նշանի հայտի ձևակերպումն ու ներկայացումը

Հայտը ներկայացվում է հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Հայտի համապատասխան սյունակներում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ձեռնարկակատիրական գործունեություն ծավալող ֆիզիկական անձի անունը, ազգանունը (հայրանունը, եթե նշված է) և հայտատուի հասցեն և երկրի երկտառ ծածկագիրը (ՀՀինը՝ AM), նամակագրության հասցեն և հայտատուի հետ կապվելու հնարավորության այլ միջոցները։
Ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում լրացվում են համապատասխան սյունակները՝ նշելով խնդրարկվող առաջնության թվականը։
Ձևաթղթի համապատասխան սյունակում (540 ծածկագրով) զետեղվում է հայտարկվող նշանի պատկերը (լուսանկար, տպագրական դրոշմվածք և այլն), ընդ որում եթե չափերը թույլ չեն տալիս, որ նշանը զետեղվի նախատեսված դաշտում (սյունակում), ապա այդտեղ կատարվում է «Նշանի պատկերը կցվում է» գրառումը, և նշանի պատկերը ներկայացվում է մնացած 5 օրինակների հետ միասին։
Նշանի պատկերի նկատմամբ սահմանվող պահանջները սովորաբար տեխնիկական են և նպատակ ունեն ապահովելու ժամանակակից տեխնիկական միջոցներով դրա անսահմանափակ վերարտադրման (բազմացման) հնարավորությունը։ Նշանի ներկայացվող պատկերը պետք է ունենա որակյալ գրաֆիկական կատարում և ներկայացվի որակյալ, հարթ և սպիտակ, առնվազն 80 գ/քառ.մ տեսակարար կշռով թղթի վրա, 5x5 չափերով (կախված նշանի չափերից, լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել մինչև 8x10սմ)։
Եթե որպես նշան գրանցման է ներկայացված բառ կամ բառային արտահայտություն և ապրանքային նշանի հայտում նշված չեն բառի կամ բառային արտահայտության որևէ տարրի նկատմամբ որոշակի պահանջներ կամ առանձնահատկություններ, ապա համարվում է, որ տվյալ բառը կամ բառային արտահայտությունն ամբողջությամբ կատարված են ստանդարտ տառատեսակով, այսինքն՝ տվյալ նշանի համար առանձնահատուկ ոճ չունեցող տառերով։ Այս դեպքում ապրանքային նշանի լրացուցիչ 5 պատկերներ չեն կցվում։
Ապրանքի պիտակը որպես նշան գրանցման ներկայացնելու դեպքում որպես հայտարկվող նշանի պատկեր կարող է ներկայացվել պատրաստի պիտակն իր իրական չափերով, եթե դրա չափերը չեն գերազանցում 21x29.7սմ։ Ավելի մեծ պիտակի դեպքում դրա պատկերը ներկայացվում է փոքրացված չափերով։
Եթե գրանցման է ներկայացվում ծավալային (եռաչափ) նշան, ապա 540 ծածկագրով սյունակում զետեղվում է այդ նշանի ընդհանուր տեսքը։ Այս դեպքում ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում կազմելու նպատակով լրացուցիչ ներկայացվում են նաև հայտարկվող նշանի բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները։
 Հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ինչպես ձևաթղթում, այնպես էլ դրան կից ներկայացվում են այն գույնով կամ գունային համակցությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը։
Ձայնային կամ լուսային նշան գրանցման ներկայացնելու դեպքում պետք է գործակալություն ներկայացվեն նաև դրանց ձայնագրված (տեսագրված) տեսալսաերիզները կամ սկավառակները։
Հայտի ձևաթղթում, նշանի պատկերի հետ միասին տրվում է նաև նշանի նկարագրությունը, որը ծառայում է փորձաքննության նպատակներին՝ հայտարկվող նշանի էությունը հասկանալու, ինչպես նաև այն լիարժեք նույնականացնելու համար։
Նկարագրության մեջ տրվում է հայտարկվող նշանի բնութագիրը՝ դրա տեսակը (բառային, պատկերային և այլն), բաղկացուցիչ տարրերի նկարագրությունը, նշանի և դրա առանձին տարրերի իմաստային նշանակությունը։ Եթե բառային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը, օրինակ՝ մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառ և այլն։
Եթե բառային նշանը հայերենում հազվադեպ է գործածվում (օրինակ՝ հատուկ տերմին, պատմական անուն, կամ գործածությունից դուրս եկած բառ է), ապա տրվում է դրա իմաստի պարզաբանումը։ Ոչ հայերեն բառային նշանների կամ այդպիսի տարր պարունակող համակցված նշանների դեպքում տրվում է դրա գրադարձությունը՝ հայոց լեզվի այբուբենի տառերով, և թարգմանությունը, եթե նշանն ունի բառային իմաստ։
Եթե նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում է դրա իմաստային նշանակությունը, եթե այդպիսին կա, իսկ վերացական բնույթի դեպքում նշվում է, թե ինչ է այն խորհրդանշում։
Ձայնային նշանի դեպքում տրվում է ձայնի տեսակը (երաժշտական ստեղծագործություն կամ դրա մի մասը, որևէ ծագում ունեցող աղմուկ և այլն)։ Եթե նշանի մեջ օգտագործված է երաժշտական ստեղծագործություն, ապա նկարագրության մեջ տրվում է դրա նոտագրությունը։

Լուսային նշանի դեպքում տրվում են լուսային ազդանշանների, դրանց հաջորդականության, լուսարձակման երկարության, տևողության և այլ առանձնահատկությունների բնութագրերը։
Գունավոր նշանի դեպքում նշվում է դրա գույնը կամ գունաշարը։ Գույների նկարագրությունը պետք է համապատասխանի նշանի մեջ օգտագործված գույներին։
Հայտատուի անվանմանը, նրա գտնվելու վայրի ու նրա հետ կապ հաստատելու մասին տվյալներին, ապրանքային նշանի պատկերին համահավասար կարևորություն ունի նաև այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը և որով որոշվում է ապրանքային նշանի նկատմամբ վերապահվող իրավունքների ծավալը։
Ձևաթղթի (510) ծածկագրով սյունակում տրվում է Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) դասը՝ դիմացը նշելով այն ապրանքների անվանումները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը։ Ըստ ԱԾՄԴ դասերի խմբավորված ապրանքները պետք է նշվեն ճշգրիտ տերմիններով՝ հնարավորություն տալով նույնականացնել ապրանքը։ Մեկից ավելի դասերի ապրանքների դեպքում դրանք տրվում են ըստ դասերի աճման հերթականության։

Սովորաբար ընդունված է որպես ապրանքային նշանի գրանցման հայտ դիտարկել այն փաստաթուղթը, որից հետևում է, որ խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցում, պարզ է, թե ում անունով է խնդրարկվում այդ գրանցումը, նշված է վերջինիս հետ կապ հաստատելու հնարավորության մասին տվյալներ (գտնվելու վայրը, հեռախոս, ֆաքս և այլն), առկա է նշանի պատկերը և նշված են այն ապրանքները, որոնց համար խնդրարկվում է տվյալ նշանի գրանցումը։ Հետևապես այն դեպքերում, երբ հայտում ուղղակի թվարկված կլինեն ապրանքները և ծառայությունները, ըստ էության իրավունքի ձեռքբերման առումով որևէ լուրջ խնդրի չի հանգեցնի, նկատի ունենալով, որ հայտատուին լրացուցիչ ժամանակ կտրամադրվի սահմանված պահանջներին համապատասխան դրանք ներկայացնելու համար, ինչը ավելի մանրամասն կքննարկենք հետագայում։
Ներկայացվող նշանի բնույթից ելնելով, որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում հայտին կցել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն հայտի ձևաթղթով։ Նման փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ձևաթղթի համապատասխան վանդակում դրվում է «X» նշանը, այնուհետև նշվում է լրացուցիչ կցվող յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը (նշանակությունը) և թերթերի քանակը։ Օրինակ, եթե հայտարկվող նշանը պարունակում է օրենքի 11րդ հոդվածի 1.1րդ մասում նշված կամ դրանց շփոթելու աստիճան նման նշաններ, ապա հայտին կցվում է դրանց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ՝
1) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը՝ պետական զինանշանների, դրոշների և խորհրդանիշերի պատկերները, պաշտոնական խորհրդանիշերը, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումները ապրանքային նշանում օգտագործելու համար.
2) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը՝ պետական պարգևների և այլ տարբերանշանների պատկերներն ապրանքային նշանում օգտագործելու համար.
3) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը կամ համապատասխան փաստաթղթերի պատճենները՝ պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմների, կնիքների պատկերներն ապրանքային նշանում օգտագործելու համար։
Այն դեպքում, երբ հայտարկվող նշանի մեջ տրվում են հայտատուի հիմնադրման թվականը կամ այլ թվական, կամ հայտատուի կողմից թողարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների համար տրված պարգևների պատկերները, ապա հայտին կցվում են հայտատուի հիմնադրման թվականը հաստատող փաստաթղթերը կամ այլ թվականի օգտագործման իրավասությունը հաստատող փաստաթղթերը, իսկ երկրորդ դեպքում՝ պարգևի նկատմամբ հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Ապրանքային  նշանի գրանցման հայտ