Russian Version
English Version

Արտոնագրեր

Ընդհանուր տեղեկություններ

Որպես արտոնագրային իրավունքի օբյեկտներ սովորաբար դիտարկվում են գյուտերը և օգտակար մոդելները, որոնց նկատմամբ իրավունքները հաստատվում են արտոնագրով։
Արտոնագիրը արտոնագրատիրոջը օժտում է արտոնագրված օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքով։ Արտոնագրով սահմանվում է գյուտի, օգտակար մոդելի առաջնությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ հեղինակությունը և բացառիկ իրավունքը
 

Ի՞նչ է գյուտը

Ընդհանրապես  գյուտ ասելով հասկանում են որևիցե խնդրի նոր լուծում, որը տեխնիկապես իրագործված է, ավելի ընդհանուր՝ մարդկային գործունեության որևէ բնագավառին վերաբերող նոր տեխնիկական լուծում։

Ի՞նչ է օգտակար մոդելը

Օգտակար մոդելները իրենց էությամբ ոչ այլ ինչ են, քան որոշակի տեսակի գյուտեր, նոր լուծումներ։

Ո՞վ կարող է դիմել գյուտի արտոնագիր ստանալու համար

Հայտը պետական լիազոր մարմին (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն) ներկայացնում է հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը, այսինքն այն անձը, ում պատկանում է արտոնագիր ստանալու իրավունքը, և որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (այսուհետ նաև՝ հայտատու)։ Նշված անձինք հայտ կարող են ներկայացնել անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։ Այստեղ օրենսդիրը շատ կարևոր վերապահում է նախատեսել, ըստ որի օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք լիազոր մարմնի հետ գործավարությունն իրականացնում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Նման մոտեցումը կարևորվում է նրանով, որ նախ ավելի դյուրին է դառնում վերը նշված հայտատուների հայտերով իրականացվող գործավարությունը և տնտեսապես ավելի նպատակահարմար է։ Մյուս կողմից նման մոտեցումը հիմք է ծառայում, որպեսզի անմիջականորեն հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարելու հարցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում կիրառվի փոխադարձության սկզբունքը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք ևս տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ստանան նույնպիսի իրավունքներ։ Նման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ։
Մյուս կողմից պարզ է, որ օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց` անմիջականորեն հայտ ներկայացնելու պետական լիազոր մարմին, առանց արտոնագրային հավատարմատարի օգնությանը դիմելու, եթե ինքը բավականին փորձ ու հմտություն ունի արտոնագիր ստանալու հետ կապված գործերն ինքնուրույն վարելու հարցում։

Ինչպիսի՞ պահպանություն է տրամադրում արտոնագիրը

Արտոնագրային պահպանություն նշանակում է, որ առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտը առևտրային նպատակներով չի կարող պատրաստվել, օգտագործվել, տարածվել կամ վաճառվել։ Այս արտոնագրային իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են դատական կարգով։ Շատ համակարգերում դատարաններն իրավունք ունեն դադարեցնել արտոնագիրը խախտող գործողությունները։ Եվ հակառակը, դատարանը կարող է արտոնագիրն անվավեր ճանաչել երրորդ կողմի հիմնավորված ապացույցների հիման վրա։
Արտոնագիրը բացառիկ իրավունք է տալիս գյուտի նկատմամբ, որը ցանկացած բնագավառի արտադրանք կամ ինչ որ բան անելու եղանակ է կամ առաջարկում է խնդրի նոր տեխնիկական լուծում։ Արտոնագիրը պահպանում է արտոնագրատիրոջ իրավունքը գյուտի նկատմամբ։

Արտոնագրի առավելությունը

Արտոնագրատերն իրավունք ունի թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց արտոնագրված գյուտի օգտագործումը մինչև արտոնագրի պահպանության ժամկետի ավարտը։ Արտոնագրատերը կարող է թույլատրել կամ լիցենզիա տալ այլ անձանց օգտագործելու գյուտը՝ փոխհամաձայնեցված պայմաններով։ Արտոնագրատերը կարող է նաև վաճառել գյուտի նկատմամբ իր իրավունքները մեկ ուրիշի, ով տվյալ դեպքում կդառնա արտոնագրի նոր սեփականատերը։ Արտոնագրի ժամկետը լրանալուն պես, պաշտպանությունն ավարտվում է, և գյուտը դառնում է հանրային սեփականություն, այսինքն, սեփականատերն այլևս զրկվում է գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքներից, իսկ գյուտը մատչելի է դառնում երրորդ անձանց՝ արդյունաբերական շահագործման համար։


Արտոնագրի պահպանության ժամկետը

Գյուտի արտոնագրի գործողության ժամկետը՝ հայտ ներկայացնելու օրվանից մինչև 20 տարին լրանալը։
Օգտակար մոդելի արտոնագրի գործողության ժամկետը՝ հայտ ներկայացնելու օրվանից մինչև 10 տարին լրանալը։
 

ՈՒ՞ր դիմել

Արտոնագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելով (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն)։