Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Գյուտի կամ օգտակար մոդելի հայտի ձևակերպումն ու ներկայացումը

Ընդհանրապես գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ այնպիսի գյուտերի խմբի, որոնք կազմում են մեկ միասնական գյուտարարական մտահղացում։ Գյուտի հայտը պետք է պարունակի դիմում՝ արտոնագիր ստանալու մասին,
գյուտի նկարագրությունը, որը բացահայտում է գյուտը՝ տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով, գյուտի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա, գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար, և գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ)։
Օրենքով սահմանված է, որ լիազոր մարմինը գյուտի հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով, եթե այն առնվազն պարունակում է՝
ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի արտոնագիր.
բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.
գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրությունը։
Այսպիսի մոտեցումը բխում է բոլոր այն հայտատուների շահերից, որոնք հայտը ներկայացրել են առանց սահմանված պահանջներին դրա համապատասխանությունն ապահովելու, սակայն որոշակի առումով ապահովել են նվազագույն պահանջները, այսինքն՝
ա) ներկայացված նյութերում նշում է կատարված արտոնագիր խնդրարկելու մասին (անկախ ձևից ), և հասկանալի է, որ խնդրարկվում է արտոնագիր.
բ) հայտատուի մասին նշված են նրան անհատականացնելու կամ հաղորդակցվելու համար բավարար տեղեկություններ, մասնավորապես կարող է նշված լինել իրավաբանական անձի ֆիրմային անվանման կրճատ ձևը և հասցեն կամ հեռախոսի կամ ֆաքսի համարը, կամ կապի ժամանակակից այլ միջոց, կամ ֆիզիկական անձի անունը կամ ազգանունը և հասցեն կամ հեռախոսի կամ ֆաքսի համարը, կամ կապի ժամանակակից այլ միջոց.
գ) կան նյութեր, որոնք կարող են ընկալվել որպես տեխնիկական լուծման (գյուտի) նկարագրություն կամ տեխնիկական լուծման էությունը բացահայտող տեղեկություններ։
Գյուտի հայտին կցվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։
 

Դիմում գյուտի և օգտակար մոդելի արտոնագիր ստանալու մասին