Russian Version
English Version

Օրենքներ

Մաքսային օրենսգիրք (Մաս 14)

Մաքսային օրենսգիրք (Մաս 14)

Մաս 14 - Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը

Գլուխ 39: Մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն օժանդակելու ընթացակարգը

Հոդված 227. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով մաքսային մարմիններ դիմելը

1. Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ՝ իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ՝ կասեցման դիմում)՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով։
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում՝
ա) «տարանցիկ փոխադրումե ռեժիմով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
բ) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
գ) մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք օրինական ճանապարհով որևէ երկրի ապրանքային շուկայում շրջանառության մեջ են մտցվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ։
3. Կասեցման դիմումը պետք է ներառի՝
ա) մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում՝ նաև նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.
բ) այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող է պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.
գ) ըստ սույն կետի «բե ենթակետում նշված ապրանքատեսակների՝ մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն).
դ) երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.
ե) հայտատուի պարտավորությունը՝ հատուցել ապրանքների բացթողումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.
զ) պարտավորություն՝ իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սույն կետի «եե ենթակետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին՝ մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ երաշխիքի տրամադրմամբ.
է) դիմողի անվանումը և գտնվելու վայրը։
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելիս իրավատերը պարտավոր է՝
ա) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.
բ) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ։ Տեղեկատվության տրամադրումը չպետք է դիմումն ընդունելու նախապայման հանդիսանա։
5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը կարող է լինել որոշակի կամ ընդհանուր բնույթի։ Որոշակի բնույթի դիմումը տրվում է, եթե հայտատուն տեղյակ է որոշակի իրավախախտ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախատեսվող տեղափոխման կամ որոշակի մաքսային մարմնում դրանց գտնվելու մասին և մաքսային մարմիններից ակնկալում է միանգամյա օժանդակություն։ Նման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող 10-րդ օրը։
Մնացած դեպքերում տրվում է ընդհանուր բնույթի դիմում։
6. Իրավատիրոջ դիմումը մաքսային մարմինների կողմից բավարարվելու դեպքում վերջիններիս կողմից սույն բաժնի համաձայն նրան տրամադրվում է օժանդակություն՝ դիմումում խնդրարկված ժամկետով, եթե այդ ընթացքում դիմումն իրավատիրոջ կողմից հետ չի կանչվել, կամ չեն դադարել իրավատիրոջ իրավունքները, ինչի մասին իրավատերը պարտավոր է տեղեկացնել մաքսային մարմիններին՝ այդ փաստն իրեն հայտնի դառնալու հաջորդ օրվա ընթացքում։ Իրավատիրոջ իրավունքների դադարման փաստին անիրազեկության պատճառով մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների համար պատասխանատու է իրավատերը։
7. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունվելու համար գանձվում է տուրք՝ օրենքով սահմանված կարգով։
8. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումի ձևը և դրա ներկայացման ու քննարկման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

Հոդված 228. Վերադաս մաքսային մարմնում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, գրանցամատյանի վարումը և կասեցման դիմումի քննարկումը

1. Վերադաս մաքսային մարմինը վարում է մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանը։ Մտավոր սեփականության օբյեկտները գրանցամատյանում գրանցելուց հետո վերադաս մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացթողումը ցանկացած մաքսային ռեժիմով կասեցնելու համար։
2. Գրանցամատյան մտցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։
3. Հնգօրյա ժամկետում քննարկելով կասեցման դիմումը՝ վերադաս մաքսային մարմինը պետք է երկու օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի հայտատուին և, անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմիններին՝ իր ընդունած որոշման մասին։ Եթե դիմումը բավարարելու որոշում է կայացվում, ապա վերադաս մաքսային մարմինը պետք է սահմանի այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն։ Այդ ժամանակահատվածը հայտատուի հիմնավոր խնդրանքով կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից։ Դիմումը բավարարելու ցանկացած մերժում պետք է հիմնավորվի և կարող է բողոքարկվել դատական կարգով։

Հոդված 229. Մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի

Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողնման կասեցումը
1. Գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում, եթե վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք կարող են խախտել իրավատիրոջ իրավունքները, մաքսային մարմինների պահանջով ենթակա են տեղափոխման պատասխանատու պահպանման վայրեր։
2. Տասն օր ժամկետով, իսկ հետագայում, սույն օրենսգրքի 232 հոդվածի «աե կետով նախատեսված դեպքում, ևս տասն օրից ոչ ավելի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ, ապրանքների բացթողնման կասեցման մասին որոշումն ընդունում է դրանց ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը։
3. Կասեցման պատճառների մասին մաքսային մարմինն ապրանքներ տեղափոխող անձին տեղյակ է պահում կասեցման մասին որոշումն ընդունելու հաջորդ օրվա ընթացքում, ինչպես նաև նրան հայտնում է իրավատիրոջ անվանումը, նրա և կասեցված ապրանքների գտնվելու վայրը, իսկ իրավատիրոջը՝ ապրանքներ տեղափոխող անձի անվանումը, վերջինիս և կասեցված ապրանքների գտնվելու վայրը։
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկացման մեջ մաքսային մարմինը պետք է նշի նաև կասեցման ենթակա ապրանքների մաքսային արժեքը և 227 հոդվածում նշված գրավի կամ համարժեք երաշխիքի չափը։
5. Ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաև ապրանքների բացթողնումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

Հոդված 230. Ապրանքների բացթողնման կասեցման հետ կապված ծախսերի հատուցման ընթացակարգը

1. Ապրանքների բացթողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բացթողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը։ Այդ չափը որոշում է ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, և պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին։
2. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի և վնասների հատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

Հոդված 231. Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը

1. Առանց խախտելու պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը և ապրանքներ տեղափոխող անձին տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար։
2. Նշված տեղեկատվությունն իրավատերը և ապրանքներ տեղափոխող անձը չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է։
3. Մաքսային մարմնի թույլտվությամբ և նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու ապրանքներ տեղափոխող անձն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բացթողնումը կասեցված է, վերցնել նմուշներ և փորձանմուշներ, ինչպես նաև դրանք ներկայացնել փորձաքննության։

Հոդված 232. Բացթողնման կասեցման մասին որոշման չեղյալ համարելը

Ապրանքի բացթողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով բացթողնման, եթե՝
ա) ապրանքների բացթողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո՝ տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բացթողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց)։ Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը, սկզբնապես կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմնի կողմից կարող է երկարաձգվել տասն օրը չգերազանցող ժամկետով.
բ) ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման գործողության ժամկետի ընթացքում իրավատերը դիմում է վերադաս մաքսային մարմին՝ կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու կամ մտավոր սեփականության օբյեկտը գրանցամատյանից հանելու խնդրանքով, կամ սահմանված ժամկետում և չափով չի ապահովում սույն օրենսգրքի 227 հոդվածով նախատեսված իր պարտավորությունը։

Հոդված 233. Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը

Անկախ սույն օրենսգրքի 227 հոդվածի համաձայն դիմում ստանալու կամ չստանալու հանգամանքից՝ մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում՝
ա) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացահայտման որևէ անհաջողության համար.
բ) սույն հոդվածի «աե կետում նշված ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման և դրանց իրագործման համար.
գ) սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված գրանցամատյանում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողնման համար.
դ) իրավատիրոջ կողմից սույն բաժնին համապատասխան իր պարտավորությունները չկատարելու դեպքում՝ ապրանքների բացթողնման համար։