Օրենքներ
«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Գլուխ 1: Հիմնական դրույթներ
Հոդված 1. Օրենքի նպատակները և գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն օրենքով նախատեսված իրավական պահպանության իրավունքը տարածվում է միայն գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի նկատմամբ, բացառությամբ բնական և հանքային ջրերի։
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում.
ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ՝ բնական և մարդկային գործոնները, և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.
երաշխավորված ավանդական արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է սույն օրենքի համաձայն.
համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝ արտադրանքի անվանում, որը նույնիսկ եթե պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առևտրային շրջանառության մեջ է դրվել, կորցրել է իր սկզբնական իմաստը և Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի համար դարձել է ընդունված անվանում.
արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք.
յուրահատկություն՝ բնութագիր կամ բնութագրերի համախմբություն, որով արտադրանքը հստակ տարբերվում է նույն կատեգորիային պատկանող այլ նույնատիպ արտադրանքից.
ավանդական՝ շուկայում տևական ժամանակահատվածում օգտագործում, որը ցույց է տալիս սերնդից սերունդ փոխանցելու հանգամանքը (այդ ժամկետը պետք է համապատասխանի մարդկային սերնդի համընդհանուր ընդունված տևողությանը և կազմի առնվազն՝ 25 տարի).
աշխարհագրական անվանում՝ գոյություն ունեցող տարածքի, տեղանքի կամ երկրի անվանում.
պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը, սույն օրենքի և իր կանոնադրության համաձայն, իրականացնում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված սույն օրենքով նախատեսված գործառույթները.
բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը.
խումբ` արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում, անկախ կազմակերպական-իրավական ձևից և կազմից, որը գործում է իր կանոնադրության հիման վրա և արտադրական գործունեություն է իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ.
թվական՝ օր, ամիս, տարի.
մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով)։
Հոդված 3. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի մասին օրենսդրությունը
1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
Հոդված 4. Օտարերկրյա անձանց իրավունքները
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար։
2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը։
Հոդված 5. Պետական լիազոր մարմինը
1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝
1) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի ընդունումը, քննարկումը, փորձաքննության անցկացումը և գրանցումը.
2) պետության անունից աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերի հանձնումը.
3) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցամատյանների, ինչպես նաև աշխարհագրական նշումներ օգտագործողների և ծագման տեղանուններ օգտագործողների ցանկի վարումը.
4) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը.
5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
6) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը։
2. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ գրանցված աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։
3. Պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։ Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը։
Հոդված 6. Պետական տուրքերը
1. Սույն օրենքի համաձայն՝ իրավունքների ձեռքբերման և պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր։ Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով։

